Twitter սոցիալական ցանցում հայտնվել են ոսկե նշաններ, որոնք ցույց են տալիս, որ սեփականատիրոջ պրոֆիլը վավերացված է: Ընկերության նոր ղեկավարությունը շարունակում է փնտրել սոցիալական ցանցի մոնետիզացիայի իդեալական մոդելը։
Ստուգման այս տեսակը հասանելի է, առաջին հերթին, ձեռնարկությունների և բիզնեսի համար: Ընկերությունը ծրագիրն անվանել է Verification for Organizations։ Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ պրոֆիլում ոսկե նշանի արժեքը կկազմի ամսական առնվազն 1000 դոլար: Բացի այդ, սոցիալական ցանցը կարող է գանձել լրացուցիչ վճար՝ որոշակի ապրանքանիշի հետ կապված հաշվին նշաններ ավելացնելու համար:
The Verge պարբերականը գրում է, որ ղեկավարությունը դեռ չի հրապարակել նոր կանոնի ներդրման ամսաթիվը։ Նշենք, որ կազմակերպությունների համար վավերացումն, ըստ էության, ավելի վաղ Blue for Business օգտագործողների ստուգման ծրագրի անալոգն է։ Հատուկ նշանը թույլ է տալիս օգտատերերին ապահով կապ հաստատել ապրանքանիշերի հետ՝ գնումներ կատարելու համար, քանի որ նշանի առկայությունը ցույց է տալիս իրական, վավերացված հաշիվ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Իլոն Մասկը հայտարարել էր, որ վավերացման նշանները Twitter սոցիալական ցանցում կցուցադրվեն տարբեր գույներով։ Ոսկե նշանները կտրամադրվեն ընկերություններին, մոխրագույնը՝ պետական պաշտոնյաներին, կապույտը՝ անհատներին:





